Նկարվողունակությու՞ն, թե խաբկանք
Ինձ հաճախ են հարցնում նկարվողունակության մասին: Շատերը՝ ինչպես և ես, առաջին անգամ են հանդիպում այս բառը: Դա фотогеничность բառի թարգմանությունն է հայերեն: Իսկ հարցի էությունը այն է, որ որոշ մարդիկ լուսանկարներում ավելի գրավիչ են ստացվում, քան իրական կյանքում:
Կատարեք մի փոքր փորձ: Մոտեցեք հայելուն և փորձեք թեքել գլուխը տարբեր կողմեր՝ դանդաղորեն տանելով դեպի վերև, ներգև, աջ ու ձախ: Ամեն դիրքում փոքր-ինչ կանգ առեք, ուսումնասիրեք Ձեզ: Ուշադիր նայեք Ձեր դեմքին… Երևի նկատեցիք, որ որոշ դիրքերում Դուք ավելի հմայիչ և գեղեցիկ եք, քան այլ դիրքերում (շնորհավորում եմ այն քչերին, ովքեր բոլոր կողմերից էլ գրավիչ են): Մի սահմանափակվեք դեմքով, ենթադրենք, ունեք ոչ այնքան ուղիղ ոտքեր, ուրեմն պետք չէ լուսանկարվելիս կանգնել ուղիղ զուգահեռ դրված ոտքերով, այլ պետք է մեկ ոտքը ծալել ծնկում և վերջ:
Որոշ մարդիկ՝ իմանալով իրենց արտաքին թերությունների և առավելությունների մասին, իսկ մյուսները՝ ինտուիտիվ, կարողանում են ճիշտ դիրքավորվել լուսանկարվելիս: Հենց սա էլ ընդունված է կոչել նկարվողունակություն:
Իմ խորին համոզմամբ, չկան նկարվողունակ և ոչ նկարվողունակ մարդիկ: Պարզապես պետք է գտնել տվյալ մարդու համար ճիշտ դիրքն ու լույսը, նկարելու անկյունը և այլն: Հենց սա էլ պրոֆեսիոնալ լուսանկարչի խնդիրն է: Հենց նա պետք է կարողանա կարճ ժամանակահատվածում տեսնել Ձեր արտաքինի և ներքինի առանձնահատկությունները ու ճիշտ ներկայացնել լուսանկարում:
Ուսումնասիրե՛ք Ձեզ և բացահայտե՛ք Ձեր արտաքինի նոր կողմերը: Դա կօգնի նույնիսկ առօրյա նկարներում լինել հետաքրքիր, ազատվել կոմպլեքսներից և բարձրացնել Ձեր ինքնագնահատականը: